Home! Go Home!
Armenian հայ English eng
Give Now

Աղետը սեռային տարբերություն չի ճանաչում

Անի Բաբայան, Գետափ համայնք, ԱԱՀԽ համակարգող, 25 տարեկան

Արդեն մեկ տարի է ինչ ես մեր կամավորական Աղետների արձագանքման համայնքային խմբի համակարգողն եմ: «Աղետների ռիսկի նվազեցման» (ԱՌՆ) ծրագրի շրջանակներում մասնակցել եմ մարզում իրականացվող առաջին օգնության դասընթացին, ինչպես նաև դպրոցի տարհանման վարժանքին: Ես համոզված եմ, որ գիտելիքներն ու հմտությունները, որոնք ես ստացել եմ դասընթացների և դպրոցի վարժանքի ընթացքում անգնահատելի են աղետներին պատրաստվածության գործում, աղետի ժամանակ և աղետից հետո: Եվ այդ ամենը կարևոր է ոչ միայն իմ և մյուս կամավորների համար, այլ նաև համայնքի անդամների համար:

Նախկինում՝ աղետի դեպքում, ես խուճապի կմատնվեի և սարսափած կսպասեի մինչև որևէ մեկը օգնության ձեռք մեկներ ինձ, իսկ այժմ ես մեկն եմ նրանցից, ովքեր հնարավորություն են ունեցել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ստանալ, որոնք կարող եմ կիրառել իմ և համայնքի անդամների փրկության համար:

ԱՌՆ ծրագրի շրջանակներում կազամակերպած դպրոցի տարհանման վարժանքների ընթացքում ես, որպես համակարգող, կազմակերպել և կոորդինացրել եմ կամավորական խմբի անդամների գործողությունները: Այդ վարժանքը համատեղ կազմակերպվել էր համայնքային պատասխանատուների և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության կողմից: Այս փորձառությունը ինձ համար լավ առիթ էր գործնականում կիրառելու առաջնորդման տեսական գիտելիքներս: Ես հպարտ եմ, որ իմ մասնակցությունն եմ ունեցել ծրագրում, ինչպես նաև, որ ներգրավվել եմ որոշումների կայացման գործընթացում:

Որպես կամավորական խմբի անդամ ես վստահ եմ, որ կանայք և աղջիկները համայնքի մյուս անդամների հետ միասին՝ ձեռք ձեռքի տված, պետք է մասնակցեն համայնքի՝ աղետների նկատմամբ կայունության ապահովման միջոցառումներին:

Ես համոզված եմ, որ կանանց մասնակցությունը ԱՌՆ միջոցառումներում անգնահատելի է և վստահ եմ, որ մենք պետք է շարունակենք աջակցել կանանց լինել առավել ակտիվ և իրենց կյանքի ապահովության համար ինքնուրույն հոգ տանել՝ ձեռքբերելով անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ: Կասկած չունեմ, որ համայնքի յուրաքանչյուր անդամի մասնակցությունը, անկախ սեռից, շատ կարևոր է համայնքի աղետների նկատմամբ դիմակայունության ապահովման միջոցառումներում:

Ոչ ոք չի առարկի, որ շատ ավելի լավ է լինել պատրաստված, քան հետո զղջալ

Եսայի Քարամյան, Արտաբույնք համայնք, ԱԱՀԽ համակարգող, 45 տարեկան

Ես մեր համայնքի Աղետների արձագանքման համայնքային կամավորական խմբի համակարգողն եմ:

Փրկարարական գործի դասընթացներին և վարժանքներին մասնակցելուց հետո համոզվեցի, որ նախկինում իմ օգնությունը անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների պակասի պատճառով այնքան էլ արդյունավետ չէր: Բարեբախտաբար, ԱՌՆ ծրագրի շնորհիվ հիմա ես ունեմ իմ ու համայնքի անդմաների փրկության համար անհրաժեշտ գիտելիքներ:

Վերջերս տեղի ունեցած միջադեպը ստուգեց աղետներին արձագանքելու մեր համայանքի պատրաստվածությունը: Գյուղից ոչ շատ հեռու գնտվող արոտավայրերից մեկը հրդեհվել էր: Աղետների արձագանքման համայնքային կամավորական խումբն առաջինը հասավ հրդեհված արոտավայրին և կարողացավ ժամանակին իրականացնել հրդեհաշիջման աշխատանքները՝ օգտագործելով մեր Շարունակական ուսուցման ռեսուրս կենտրոնում առկա անհրաժեշտ պարագաները: Բարեբախտաբար մեզ հաջողվեց կասեցնել հրդեհի տարածումը և մարել այն: Եթե մենք թեկուզ երեք րոպե ուշանայինք, ապա հնարավոր չէր լինի փրկել գյուղի արոտավայրը, որը մեծ վնաս կհասցներ համայնքի տնտեսությանը:

Այս պատահարը ցույց է տալիս, որ Աղետների արձագանքման համայնքային կամավորական խմբերն անգնահատելի դերակատարում ունեն համայնքի կյանքում և ավելի շատ մարդիկ պետք է ներգրավվեն կամավորական խմբերում: Միայն այս դեպքում հնարավոր կլինի ապահովել համայնքի աղետների նկատմամբ դիմակայությունն ու պատրաստվածությունը:

Համայնքները պետք է տիրապետեն աղետների հանդեպ դիմակայունության գործընթացներին սեփական կարողությունների, հմտությունների, գիտելիքների և, ամենակարևորը, համայնքային կամավորական խմբերի զարգացման միջոցով:

Աղետի դեպքում Կամավորը պետք է լինի աղետի վայրում: Երբ համայնքը կարիքի մեջ է, մենք` հմուտ ու պատրաստ պետք է լինենք նրա կողքին:

Վահան Սարգսյան, Խաչիկ համայնք, ԱԱՀԽ համակարգող, 56 տարեկան

Մեր համայնքի Աղետներին արձագանքման համայանքային խումբը ստեղծվել է Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի շրջանակներում 2010 թվականին: Այս ընթացքում խմբի անդամները անցել են դասընթացներ, այդ թվում գիտելիքներ ենք ստացել համայնքին սպառնացող վտանգների նկատմամբ պատրաստավածության վերաբերյալ: Խմբի անդամները ուսուցանվել են նաև աղետներին արձագանքման հմտություններ, ինչպիսիք են հրդեհաշիջման աշխատանքների իրականացում, առաջին օգնության տրամադրում և այլն:

Ինձ համար հստակ է, որ մարդիկ, ովքեր ապրում են մայրաքաղաքից և մարզային կենտրոններից հեռու գտնվող համայնքներում, պետք է կարողանան գնահատել իրենց համայնքի խոցելիությունը: Անհրաժետ է հաշվի առնել այն հանգամանքը, որ աղետների դեպքում փրկարարական և առաջին օգնության ծառայությունները հնարավոր է ի վիճակի չլինեն անմիջապես օգնություն ցուցաբերել ճանապարհների անանցանելիության և հաղորդակցման ուղիների խափանման պատճառով: Հետևաբար, արտակարգ իրավիճակներում մարդիկ հաճախ ստիպված են լինում հույսը միմյանց վրա դնել և նման իրավիճակում համապատասխան ուսուցում ստացած փրկարարների օգնությունն անգին է:

Անցյալ տարի՝ աշնանը, մեր համայքին սպառնում էր հրդեհը: Հրդեհի մասին տեղեկանալուն պես ԱԱՀԽ-ի փրկարարները շտապեցին դեպքի վայր: ԱԱՀԽ-ի փրկարարները հրդեհին երկու հակառակ կողմերից մոտենալով և համապատասխան պարագաներ ու դասընթացների ընթացքում ստացված գիտելիքները կիրառելով կարողացան հանգցնել հրդեհը և չեզոքացնել սպառնացող վտանգը: Մենք հպարտ ենք, որ ժամանակին և ճիշտ արձագանքեցինք` կարողանալով ապահովել մեր համայնքի անվտանգությունը և կարիք չեղավ ահազանգել հրշեջ ծառայություն: Այս միջադեպը ապացուցում է, որ ԱԱՀԽ-ը կարող է օգտակար լինել իր համայնքի անդամներին դեպքից անմիջապես հետո, երբ համապատասխան մասնագիտական օգնությունը ինչ-ինչ պատճառներով անմիջապես հասանելի չէ, ինչպես նաև ցույց տվեց մեր խմբի արդյունավետությունը համայնքի կյանքում: